Նախագծի նկարագրություն
«Process» լիամետրաժ խաղարկային ֆիլմ է՝ դրամա և թրիլլեր ժանրերում։ Ֆիլմի կենտրոնում 24-ամյա Ատոմն է, որը փորձում է փրկել հիվանդ մոր կյանքը, սակայն աստիճանաբար հայտնվում է անտարբեր և ճնշող բյուրոկրատական համակարգի ներսում։ Համակարգը նրան սկզբում տալիս է կարևոր լինելու և փոփոխություն կատարելու պատրանք, բայց ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ նրան ներգրավել են ոչ թե համակարգը փոխելու, այլ դրա ձախողումների պատասխանատվությունը իր վրա վերցնելու համար։
Ատոմի պատմության միջոցով ֆիլմը խոսում է մարդու և համակարգի բախման, արժանապատվության, գոյության իրավունքի և անձնական զոհաբերության մասին։ Պատմության կարևոր կերպարներից է նաև Սիրան՝ երիտասարդ կին, որը, չնայած իրեն շրջապատող ցինիզմին և անտարբերությանը, պահպանում է հավատը իրական ելքի հնարավորության նկատմամբ։
Նախագիծը ներկայումս գտնվում է զարգացման փուլում և նպատակ ունի ներգրավել միջազգային համատեղ արտադրության գործընկերներ՝ ընդլայնելով ֆիլմի ստեղծագործական, արտադրական և տարածման հնարավորությունները։
Նախագծի առաջխաղացման ռազմավարություն
«Process» նախագծի միջազգային առաջխաղացումը կենտրոնանալու է Marché du Film-ի շրջանակում համատեղ արտադրության հնարավորությունների որոնման վրա։ Նախատեսվում են թիրախային անհատական հանդիպումներ պրոդյուսերների, դիստրիբյուտորների և կինոոլորտի այլ մասնագետների հետ, ինչպես նաև մասնակցություն մասնագիտական քննարկումներին և networking միջոցառումներին։
Այս աշխատանքը նպատակ ունի ձևավորել ռազմավարական գործընկերություններ, բարձրացնել նախագծի միջազգային տեսանելիությունը և այն ներկայացնել միջազգային կինոարդյունաբերության համապատասխան հարթակներում։
Ստեղծագործական կազմ
Սոնա Խաչատրյան — ռեժիսոր
Ամասիա Նիզիբլյան — պրոդյուսեր
