Նախագծի նկարագրություն
«Salomé & the Baptist» լիամետրաժ սև կատակերգություն և հոգեբանական դրամա է, որը կառուցված է երկու փոխկապակցված հատվածներից։ Առաջին մասում գործողությունները տեղի են ունենում Հայաստանի մարզային ոստիկանական բաժանմունքում, որտեղ երեք տղամարդ ցուցմունք են տալիս մի կնոջ՝ Սալոմեի մասին։ Նրանց հիշողությունները, ցանկություններն ու պատմությունները աստիճանաբար խառնվում են իրար, իսկ նույն իրադարձությունների տարբեր նկարագրությունները երբեմն կտրուկ հակասում են միմյանց։ Այս հատվածը միաժամանակ երգիծական և մելանխոլիկ դիտարկում է ճշմարտության, երևակայության և տղամարդու հայացքի սահմանների մասին։
Ֆիլմի երկրորդ մասը տեղափոխվում է պորտուգալական quinta, որտեղ մի խումբ կանայք Շտրաուսի «Salomé» օպերան դիտելուց հետո քննարկում են Սալոմեի և Հովհաննես Մկրտչի պատմությունը՝ այն դիտարկելով սեփական ցանկությունների և փորձառությունների տեսանկյունից։ Նրանց զրույցը աստիճանաբար ստանում է մութ հումորի երանգ՝ վերածվելով սիրո, մահվան, ինքնորոշման և ազատության մասին քննարկման։ Երկու հատվածների հակադրությամբ ֆիլմը համադրում է տղամարդու և կնոջ հայացքները՝ ուսումնասիրելով սիրո և մահվան հարաբերություններում ուժի դինամիկան։
Նախագիծը Հայաստան–Պորտուգալիա–Ֆրանսիա համատեղ արտադրություն է։ Սցենարն ու նախագծի ամբողջ փաթեթը պատրաստ են, իսկ Պորտուգալիայում արդեն առկա են գործընկերներ և ֆինանսավորում, այդ թվում՝ զարգացման աջակցություն, տեխնիկական ապահովում և հետարտադրական հնարավորություններ։ Նկարահանումները նախատեսվում են 2027 թվականին․ առաջին մասը՝ Գյումրիում, երկրորդը՝ հյուսիսային Պորտուգալիայի quinta-ում։
Ֆիլմի տարածումը նախատեսվում է 2028 թվականից՝ սկզբում միջազգային փառատոնային շրջանառությամբ, այնուհետև կինոթատրոններում և հեռուստատեսությամբ։ Նախագծի համար նախատեսվում են նաև հեռուստատեսային նախավաճառքներ։ Թիմի նախորդ ֆիլմերը ներկայացվել են France 2, France 3, Canal+ Poland, MUBI, Amazon Prime և Roku հարթակներում։
Ստեղծագործական կազմ
Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան — ռեժիսոր
Սոնա Մարգարյան — պրոդյուսեր
